четверг, 21 июня 2018 г.

Տեսակետ

Սկսած 2016թ. ապրիլի 2-ից իմ կարծիքները ես արտահայտում էի անկախ քաղաքական իրավիճակներից: Արցախի հերոս կոչեցյալ Մ. Գրիգորյանի վերաբերյալ ես ասելիք չունեի, որովհետև Մանվելի մասին <<ավանդազրույցները>> Արցախում շրջում էին իմ մանկությունից, իսկ իմ պատանեկության ու երիտասարդության օրերին այդ ավանդազրույցները ամրապնդվում էին ներկայով, և այդ ներկայում Մանվելը ամենամյա արշավներ էր իրագործում կոնկրետ Հադրութի շրջան և ըստ իր <<ավանդավեպի>> գնացք էր քշում: Ստիպում էր արցախյան պատերազմի վետերաններին և տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդկանց /այսօր անուններ չեմ հնչեցնի/, իր ամենամյա Արցախ ացելության ժամանակ <<գնացք>> քշել, փաստորեն մյուսները իր քշած գնացքի վագոններն էին: Համառոտ` իր լեքսիկոնով, պոեզդ էր քշում: Եթե անդրադառնանք այդ <<մարդու>> այսօրվա կատարածին և հայացք ձգենք նրա անցյալին, ապա նրա մասին այսօրվա բացահայտումները նրա կողմից կատարված հանցագործությունների ամենաչնչին գործառույթն են: Հետազոտեք նաև այդ մարդու անցյալը, հարգելի ՀՀ իշխանություններ: Լինելով արցախահայ, խորին ակնկալիքներ ունեմ, որ Հայաստանում տիրող ինքնամաքրման գործընթացը հասնելու է նաև մեզ: Ընդունելով ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, որպես իր նախընտրական խոստումները մեծամասամբ կատարած քաղաքական գործչի, չեմ ընդունել և չեմ ընդունում այն թիմը, որի հետ նա փորձել ու փորձում է աշխատել: Այդ թիմի որոշ անդամների / նաև նշեմ ուղղակի հոսքի տակ/ փոխարինվել են այլ պաշտոնյաններով, որոնց մի մասը այս կամ այն կերպ հարում է պաշտոնաթող պաշտոնյաններին, ուղղակիորեն կամ անուղղակիորեն շարունակելով նրանց ժառանգությունը: Այդ համատեքստում փոփոխությունները ուղղակի ձևականություն էին: Հայաստանում կատարվող գործառույթներն ու բարեփոխումները պետք է ոչ աղմկահարույց, բայց շարունակական ընթացք ունենան Արցախում, որովհետև եթե ոչ մանվելներ, ապա մանվելիկներ մենք ունենք: Արցախում ժողովրդավարությունը և նրա բարձր մակարդակը մեզ շրջապատող քաղաքական դաշտում միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք հասնել ինքաճանաչված և համաշխարհային ճանաչման ձգտող մեր չճանաչված պետականության ճանաչմանը:
Տագնապներ ունեմ / և ոչ միայն ես/ , որ հանկարծ Հայաստանում կատարվող ինքնամաքրման գործընթացը կիսատ կմնա, և չշարունակվի Արցախում: Բայց ոգևորված եմ, և ոգևորված եմ այնքանով, որ Արցախում ապրող հասարակությունը այսօր սկսել է դիտարկել, որ այս երկրի տերը ոչ թե անհատներն են, այլ այս երկրի տերը եղել և մնում է ժողովուրդը: Քաղաքական ինքնագիտակցությունը ինձ հուշում է, որ Արցախում չկա այնպիսի քաղաքական ուժ, որին ես միանայի և արտահայտեի իմ կարծիքը: Բնականաբար, կարծում եմ, որ Արցախում պետք է ստեղծվի և ձևավորվի / առանց ներկայիս քաղաքական իշխանությունների ազդեցության/ , նոր քաղաքական երիտասարդական ուժ, որը պետք է ձևավորի մեր երկրի ապագան:
Վիտալի Պետրոսյան

Տարածել

Հարգելի´ հայրենակիցներ,ս.թ հունիսի 23-ին գործնական այցով հանդիպելու եմ Ղարաբաղ-Տելեկոմ ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հետ:Եթե ունեք առաջարկներ կամ բողոքներ կապված կապի ոլորտի հետ, խնդրում եմ մինչև ս.թ հունիսի 22-ը գրել ինձ անձնական նամակով կամ զանգել +37497150598 համարին:

Կարեն Շիրինյան

вторник, 12 июня 2018 г.

ԼՈՒՍԱՎՈՐ ՋՈՒՍԻ ՍՊԻՏԱԿ ԱՆԿՅՈՒՆԸ…



Այսօր իմ զրուցակիցն է երգչուհի,գեղեցկուհի և,վերջապես,տաղանադավոր հայուհի Ջուս Համբարյանը:
Նախքան հարցազրույցը՝ մի քանի խոսք երգչուհու կյանքի մասին:Եվ այսպես: Երգչուհին ծնվել  է  1979թ. հուլիսի 9-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը: 7 տարեկան հասակից հաճախել է Հ.Դանիելյանիանվան թիվ 9 երաժշտական դպրոց և երգել է <<Առվակ>> վոկալ-ինստրումենտալ անսամբլում: 1994-97թթ. սովորել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնում և երգել է  <<Հայեր>> համույթում: 1997թ. մեկնել է Մոսկվա, որտեղ աշխատել է ռուսական էստրադայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Վալերիա, Ստաս Պիեխա, Դմիտրի Կալդուն, Իրինա Ալեգրովա և այլք: Վերջինիս հետ երկարաժամկետ է աշխատել և համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. վերադարձել է Երևան: 2009-10թթ աշխատել է «Դար 21 հեռուստաընկերությունում, որտեղ վարել է <<Բնական ջուս>> հաղորդումը և ձեռք բերել հայկական շոուբիզնեսի ամենասկանդալային երգչուհի համբավը: 2009թ. լույս է տեսել նրա <<Պարիր ինձ հետ>> տեսահոլովակը, որը Հայաստանում առաջինն էր էլեկտրո հաուզ ոճում : 2010թ. թողարկել է առաջին <<KIX>> ձայնասկավառակը: 2011թ. Ռադիո Վան ռադիոկայանի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է  <<Տարվա լավագույն երգչուհի>>  մրցանակին: 2011թ. ելույթ է ունեցել Լոնդոնի Ռոյալ ֆեսթիվալ դահլիճում`  Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես նաև <<You are my kix>> երգը հնչել է Լոնդոնի BBC ռադիոկայանով: 2012-13թթ.  Հայկական Երկրորդ հեռուստաալիքով վարել է <<Թթու թան չէ...>> հաղորդումը: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2013թ. արժանացել է  Դար 21 հեռուստաընկերության երաժշտական մրցանակաբաշխության <<Տարվա լավագույն արտիստ>>  մրցանակին (հանրային քվեարկությամբ): 2014թ. ձայնագրել է Ի.Վագանովի <<Love song>> երգը և նկարահանել տեսահոլովակ: 2015թ. թողարկել է <<You are the one>> սինգլը և նկարահանել տեսահոլովակ:
Եվ այսպես…

-Ո՞վ է Ջուսը:

-Միանշանակ  այս հարցին կորկրետ պատասխան չկա:Ջուսը  և՛ երեխա է,և՛ կին,խենթ արտիստ,դրական,ուրախ ընկեր,ուժեղ մարդ,ով ունակ է թաքցնել սեփական վախերը,և,վերջապես մարդ,ում մեջ թաքնված են հիսուն տարբեր կանայք:

-Ինչպիսի՞ դժվարությունների միջով է անցել տաղանդաշատ Ջուսը հայտնի դառնալու ճանապարհին:

-Դժվարություններ կային ու կան մինչև հիմա: Յուրաքանչյուր արտիսիտ  իր ամբողջ կյանքում  անցնում է տարատեսակ դժվարությունների միջով:Թույլ մարդկանց այս մասնագիտությունը <<դուրս է շպրտում>>:Եթե սկսեմ պատմել ինձ հանդիպած և հանդիպող դժվարությունների մասին,դա կտևի մի քանի օր:Կարևորն այն է,որ հաղթահարում եմ յուրաքանչյուր խնդիր,վստահ լինելով,որ,միևնույն է,ամեն բան գնալու է դեպի լավը:

-Ինչպե՞ս է կենսասեր Ջուսը վերաբերվում քննադատություններին և ովքե՞ր են հիմնականում քննադատում  Ձեզ:

-Առողջ քննադատությանը վերաբերվում եմ նորմալ այն դեպքում,երբ գիտակցում եմ,որ դա իսկապես տեղին է,թեև ես ունեմ իմ տեսակետը, որին վստահում եմ,որովհետև ինքս ինձ քննադատում եմ շատ խստորեն:Ինչ վերաբերում է ինձ քննադատողներին,ապա կարող եմ ասել,որ նրանք տարբեր են: Կարծում եմ՝ եթե արտիստը հայտնի է և հետաքրքրիր, ապա նրա մասին կխոսեն թե՛ լավը և թե՛ վատը և դա հիանալի է:Արտիստը պետք է վախենա այն դեպքում,երբ իր մասին չեն խոսում:Այդ դեպքում նա պետք է շատ ջանք ու եռանդ գործադրի,որպեսզի մարդիկ սկսեն խոսել իր մասին և քննադատել իրեն:

-Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը:

-Դրական լինելն է,վստահությունը և հավատը,որ ամեն ինչ ճիշտ ավարտ կունենա:

-Կարո՞ղ եք թվարկել նվաճումներ,որոնցով ամենաշատն եք հպարտանում:

-Շատ կան,բայց ամենավառ իրադարձությունները հետևյալն են.
2011թ դարձա տարվա լավագույն երգչուհի՝ - Lady number 1:Հաջորդը Ռադիո Վան մրցանակաբաշխությունն էր, որտեղ իմ << You Are My Kix>> երգը ճանաչվեց լավագույն արտասահմանյան երգ Լոնդոնի BBC ռադիոյում:
2011թ իմ << You Are My Kix>>  երգի հեղինակ Կարեն Գրիգորյանին և ինձ հրավիրեցին երգելու  Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին:
Լոնդոնի Royal Festival Hall-ում  մենք ունեցանք մեծ լուրջ համերգ, որտեղ ելույթ են ունեցել այնպիսի համաշխարհային արտիստներ, ինչպիսիք են Սթրինգը,Ֆռանկ Սինաթրանը,Պավարոտտին և այլք:
2004թ. իմ << LOVER>> երգը հոլանդական << radio talend>> մրցույթում զբաղեցրեց թոփ 40,26 հորիզոնականը,որից հետո նկարահանվեց տեսահոլովակ,որը ցուցադրվեց յոթ եվրոպական հեռուստաալիքներով:
2013թ. ժողովրդի քվեարկությամբ արժանացա <<Տարվա լավագույն արտիստ>> կոչմանը՝ Դար 21 մրցանակաբաշխության ժամանակ:
Բացի այդ,երգել եմ նաև ռուս հայտնի աստղ Իրինա Ալեգրովայի մոտ,ում հետ համերգներով շրջագայել ենք աշխարհի տարբեր մասերում:
Շատ եմ հպարտանում Վ.Վ.Պուտինի կողմից Կրեմլից ստացած պատվոգրով,որին արժանացել եմ լավագույնս ելույթ ունենալու համար:

-Ջու՛ս,ունեք որևէ հոբբի:

-Նախկինում շատ էի սիրում հավաքել տարբեր երկրների կոպեկներ,բայց ներկայումս  այնքան զբաղված եմ,որ չեմ հասցնում որևէ բան հավաքել կամ ինչ-որ այլ բանով զբաղվել:Միգուցե այս հարցին անդրադառնանք,երբ ես դառնամ 60 տարեկան:Այդ ժամանակ ես կունենամ ոչ թե հոբբի,այլ՝ հոբբիներ:

-Ի՞նչ եք կարծում,է՛լ ո՞ր ոլորտում կարող եք լինել հաջողակ:

-Կարծում եմ՝ ես լավ պարուհի,դերասանուհի և աքսեսուարների դիզայներ կարող էի լինել:

-Ձեր խոսքը Ձեր մեծամասշտաբ լսարանին և բոլոր նրանց,ովքեր թերահավատորեն են վերաբերվում Ձեզ:

-Մի քանի բան այս թեմայի շուրջ:Կան մարդիկ,ովքեր ունեն այլ նախընտրություն կամ այլ ճաշակ:Դա չի քննարկվում:Բայց կան մարդիկ,ովքեր նախանձից կամ չկայացած լինելուց են թերագնահատում իրենցից հաջողակ մարդուն:Ես զգացի,որ ինձ սիրում են դրական և բարի մարդիկ,իսկ դա հիանալի փաստ է:Իսկ նրանք,ովքեր թերագնահատում են,նրանց վրա պետք չէ ուշադրություն դարձնել:Պետք է առաջ գնալ և աշխատանքն անել բարձր մակարդակով, ցույց տալով որակյալ աշխատանք: Կարծում եմ՝ դա է ամենակարևոր բանը:

-Շնորհակալ եմ անկեղծ և բովանդակալից զրույցի համար:

Հ.Գ. Թույլ տվեք փաստել,որ ողջ հարցազրույցը անցավ դրական մթնոլորտում:Ջուսը դրական,պարզ և բարի անձնավորություն է,ումից միայն ու միայն հաճելի տպավորություններ կարող ես ստանալ:
Ջուսին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ իր ողջ կյանքի ընթացքում:

Հարցազրույցը վարեց Կարեն Շիրինյանը

ԱՀԱԶԱՆԳ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ԱՀ Իվանյան գյուղը այն կարևորագույն գյուղերից մեկն է,որը զարգացնելու փոխարեն անտերության են մատնում,մատների արանքով նայում բոլոր խնդիրներին,ոտնահարում մարդկանց իրավունքները,թքած ունենալով նրանց խնդիրների ու տեսակետների վրա:Ամիսներ առաջ նույն գյուղի բնակիչ,բանաստեղծուհի Գոհար Մարգարյանը բարձրաձայնել է խմելու ջրի բացակայության մասին,սակայն մինչ օրս նամակագիրը պատկան մարմինների կողմից արդարացնող պատասխան չի ստացել:Թեման օրակարգային է,անդրադարձը կարևորագույն նախապայման,բայց ինչպես տեսնում ենք իշխանության ներկայացուցիչները միայն ընտրությունից ընտրություն են մարդկանց գոյության մասին հիշում,քվեներ ստանալու համար:Այսօր նրանք փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ մոռանալով,որ աթոռ են զբաղեցնում միայն աշխատավարձ ստանալու համար:Հարց է առաջանում. եթե նրանք ապրեին այդ բնակավայրում, անջուր կապրե՞ին:Բնակչի ահազանգից հետո դեռևս ջրի հարցը չի լուծվել,շարունակում են դույլերով ջուր բերել խմելու համար:Ահա այսպիսի մտահոգ ղեկավարներ ունեք,որոնց ուղեղը փայլում է երկար-բարակ մտածելուց:Մարդիկ զրկված են խմելու ջրից,իսկ նրանք այդ ջրով իրենց արոտավայրերն են ոռոգում:Ես կոչ եմ անում ժողովրդին ոտքի՛ կանգնել և քրեական պատասխանատվության ենթարկել պատկան մարմիններին:Եթե մի անգամ դատարան բողոք ներկայացնեք,ապա ամեն ղեկավար կիմանա իր անելիքը:Աթոռ քշելու համար մեզ խաբեբաներ պետք չեն:Սթափվե՛ք:

Հեղինակ՝ Կարեն ՇԻՐԻՆՅԱՆ

воскресенье, 10 июня 2018 г.

Երեխան կորել է

Այս երեխան կորել է Այնթապի տարածքում, նա աուտիզմով հիվանդ է՝ չի խոսում, ոչ մեկի հետ չի շփվում։ Խնդրում եմ տեսնողները թող կապնվեն ինձ հետ։

https://www.facebook.com/andranik.harutyunyan.963?hc_ref=ARRmAzwuabpQ1BzsUaTu9q--gpmqrcx_3UszYeXO3MYdIoPt2xACJiv6GTqQHREoy-A&fref=nf

Գոհար Մարգարյան-բանաստեղծություններ

Սեր է հորդում
Տիեզերքի ողջ լույսը
Հորդում է անձրևի պես,
Անթեղվելով սրտերում՝
Սիրառատ սեր է հեղում:
Լուսե երազը պայծառ
Եթերային,արևշող,
Բերում է հույս ոսկեվառ,
Երազադյութ,լուսաշող...
Ուրախ խինդ ու ժպիտով
Սրտերը երգ են երգում,
Երջանկացնող թրթիռով
Հույզերն են ալեբախում:

********************************

Մեզ ժպիտ,սեր,արևներ
Մեզ ժպիտ,սեր,արևներ,
Սիրո ճախրանք,հոգու հևք,
Աստղահյուս լույս երազներ,
Սրտի թրթիռ,սեր ու երգ:
Ուրախության շղարշներ,
Հաղթական ձեռքսեղմումներ,
Նոր վերելքներ անսասան,
Եվ արևներ անսահման:
Վառենք հեքիաթ սրտերում.
Կյանքը տեսար մեկ դավում,
Մեկ էլ այնպե՜ս է սիրում,
Որ հրճվում ենք,խենթանում:
Մեր սրտի լույս-խորանում,
Մտքերին՝ սեր,լույս դաջենք,
Կրակ վառենք,անթեղենք,
Երազը՝ կյանք դարձնենք:

*********************************
Հույսի մոմերը
Վառվում են այսօր մոմերը հույսի,
Վառվում են սիրո ու սուրբ հավատի,
Երկիրս սիրո շղարշ է հագել,
Համայ հայության սիրտն է զովացրել:
Շողում են այսօր աչքերը հույսի,
Մարդկանց հայցքում շողն է լույսի,
Սերն ու հավատը,երազանքները
Ամուր գրկել են հայի սրտերը:
Վառվում են այսօր մոմերը հույսի,
Վառվում են սիրո ու սուրբ հավատի,
Հայի արյանը հավատ է խառնվել,
Սրտում բոլորի՝արև է ծագել:

Կարինե Վարդանյան-բանաստեղծություններ

Մայրս կյանքից խռովելա...
Սիրտը դարդից խորովելա...
Խավարի մեջ լո´ւյս փնտրելով,
Չոլե´ն ընկած ,մոլորվելա...
Հե՛յ, աշուղներ,
Ձայնս լսե´ք...
Ծնկի եկած աղերսներիս,
Վերքոտ սրտիս
Մի ե´րգ հյուսեք` հրաբորբոք...
Ծերացե´լ է հոգիս ցավից.
Էլ ուժ չունի...
Տարիներս բոլորել են,
Իսկ երգերս հորովել են...


***********************************

ՈՂՈՐՄԱ´ ,ՏԵ´Ր...ԻՆՁ
-Աշխարհը, թե
Երե´ս թեքի ինձանից,
Եվ օտարանան
Ժամանակների արեգակնե´րը,
Երբ ոչնչանա
Հավերժն անհունի
Երա´զն հեքիաթիս,
Ինքնության անեղծ
Գոյության պահի´ն,
Թվացյալ կյանքիս
Անձն համբերությամբ,
Մայրամուտների ցոլքերի միջից`
Քո աստվածային հրացոլքերի´ց...
Երբ տանջանքներիս
Լեզուն պապանձվի´,
Ողորմա´,Տեր ինձ...
Երջանկակրոն
Մեղավոր հոգի´ս
Պարգևի´ր,Տեր ինձ.
Մեկ օր,
Կամ մեկ ժա´մ
Մեղքերս քավեմ
Եվ ո´չ ավելին...

Իսկ,եթե խամրի
Հոգիս հոգնաբեկ,
Լեզուս համրանա
Հավիտենական,
Եվ խեղաթյուրվեն
Մրրիկները խե´նթ,
Կորցրած լինեմ
Գովասանք ու գութ`
Խոցված աշխարհի
ճշմարտության հետ,
Խենթանամ անդարձ.
Ների´ր ինձ, Տե´ր իմ...
Դարձի բեր` կրկին,
Քո խենթ զավակին
Կա´մքդ պագևիր`
Մեկ օր ,
կամ մեկ ժամ`
Մեղքերս քավեմ...
Իսկ երբ մոլորվեմ`
Կուտակած մեղքիս
Գաղտնարաններո´ւմ,
Անդարձ սևեռուն
ժամանակների´ց...
Երկրային կյանքիս
Պարտքերի դիմա´ց
Խառնվեն ներհակ
Մտքերս ցնդա´ծ,
Դու լուսավորի´ր
Ինձ` հանցապարտի´ս...
Ողորմաշնո´րհ
Տեր իմ երկնայի´ն,
Ների´ր նվաստիս...
Եվ պարգևատրի´ր
Քո ողորմությամբ...
Մեկ օր,
Կամ մեկ ժամ
Կա´մ էլ մեկ վարկյան`
Մեղքերս քավեմ,
Որ արժանանամ`
Աստծո´ ատյանի
Փառքի պսակի´ն
Եվ ո´չ ավելին...

********************************

ԱՎԱՂ
Օ, գեր գիտակ մա´րդ,
Ողբերգություն է,
Որ դեռ չգիտես
Իմացուցյանդ
Չիմացությունը...
Վայր իջի´ր ներքև.
Բավ է աչքերիս
Արյուն կաթեցնես
Եվ քո աղտոտված
Ոտքերը մաքրես
Աշխարքի վրա`
Ի ցույց դնելով
ՀԱՆՐԱՀԱՅՏԻԴ
ԱՎԵԼՈՐԴԸ...

Անահիտ Տիգրանյան-բանաստեղծություններ

Իմ երազի հետ քնեի՜ ու մնայի՜,
Չիմանայի՝ երազ էր մի սնամեջ.
Ծիածանվել էր երկինքը հոգուս.
Սար էր, դրախտ էր իմ երազի մեջ:
Հանդում սիզախոտը ծնկից վեր էր,
Սարվորի երգ էր իմ երազի մեջ,
Ես շնչակտուր վազ կուտայի լանջով,
Թե հոգնեի, քարին շունչ կառնեի մեջ- մեջ:
Ի՜նչ հոգ, թե փուշը ոտքս կծակեր,
Որ քարին կառներ, արյուն կկաթեր,
Վերելքը ինչքա՜ն էլ քար ու քռա,
Աչքիս մեր սարի ճամփան շատ հարթ էր:
Երազ էր. դեմս մերթ կմշուշվեր,
Ու մերթ կտեսնեի տափը ափիս մեջ,
Հեռվից սարվորի երգն ինձ կկանչեր.
Հայրս քաղվոր էր էն սարվորի մեջ:
Ու վազ կուտայի ես շնչակտուր.
Արևի խուտուտն էր հենց ծոցիս մեջ,
Զարմանք էր. ա՜խր, անգամ նոր քաղած՝
Խոտի բույր կառնեի իմ երազի մեջ:
Ա՜խ, երազիս հետ քնեի ու մնայի,
Հորս տեսնեի էն սարվորի մեջ…
Արթնացա... այտիս վրա արցունք կար.
Ես լաց էի եղել իմ երազի մեջ:

*******************************************************
Սատանեքն էին իմ աչքերը լիզել.
Գիշերը ճզմեց գնացքի տակ ինձ,
Շունը չէր հաչում. ցավի ոռնոց էր.
Էն անՏեր շանը հիշեցի նորից:
Գիշերը մգլեց անձրևի տակ,
Հոգիս բերանս բերեց գիշերը,
Էն շան ոռնոցից մի քիչ փոխ առա.
Սիրտս ծակում էին խղճիս փշերը:

*******************************************************
Հոգիս դեռ ինչքա՜ն պիտի թափառի
Որոնումների խաչմերուկներում,
Ուր դու չես եղել,
Բայց ես...ա՜խր չգիտես.
Մի՜շտ ու մի՜շտ 
Ինձ հետ ունեցել եմ քեզ,
Ու դեռ ինչքա՜ն եմ
Կիսվելու տամուկ աշնան կաթոցին՝
Խուռներամ վալսող տերևների հետ,
Բացահայտելու՝
Քո մրմունջների Նրբին շերտերը
նրանց շրշյունում,
Նոտագրելու՝
Ջութակի հեծող լարերի վրա,
Խոստովանանքդ՝ հանց չմարող տենդ…
Այս սուտ կյանքի մեջ,
/ հեգնանք է իրոք /
Երբ վերջալույսի ցոլքերն են արդեն
Ծաղրում ակնդետ,
Մնաց տաք հևքը քո տաք բառերի,
Մի անպարագիծ ոգեղեն տիրույթ,
Ուր դեգերում է՝ քո հոգուն ներդաշն,
Աշնան քամին խենթ… 


Անահիտ Անանյան-բանաստեղծություններ

Կյանքում լռել,
Տողերի մեջ հոսել, հորդել,
Գետակի պես, որ հունից ելել՝
Էլ չի գտնում իր մայր ծովին։
Կյանքում լռել՝
Բառերի հետ հորդ շառափել,
Անձրևի պես ,որ ամպից զատվել՝
Էլ չի մերվում իր մայր հողին։
Կյանքում լռել,
Երազներում սիրել ,սիրել,
Կամուրջ կապել սրտերի մեջ,
և այդպես էլ կիսատ թողնել։
...Իմ մատներն ամենաանսովոր
հեքիաթն էին խզբզելու
սրտիդ թերթերին...
Ես նրանց դատարկության
գրպանն եմ խոթել,
Ու քայլում եմ ,
Ինքս իմ մեջ տարօրինակ
երգ սուլելով։

***********************************************
Ամեն ինչ թողած՝
Կփախչեի քեզ հետ,
Այնտեղ, ուր վայրի
ձիերն են վրնջում
եզերքներում հեռու՝
Ամեն ինչ թողած՝
Կթափառեի քեզ հետ,
գտնելու երկինքն այն,
որտեղից
երեք խնձորներ են թափվում։
Ամեն ինչ թողած՝
Կապրեի քեզ հետ,
Չոր քարի վրա ,աշխարհից հեռու,
Ամեն ինչ թողած կմեռնեի քեզ հետ,
Շուրթերիս ժպիտն այն,
Երբ բախտավորները...
նույն օրն են մեռնում։

**************************************************
Վաղուց սովոր էի լռությանը,
Ինչու՞ խախտեցիր կոպիտ թխկոցով,
Ճնճղուկ կար նիրհած հոգուս քիվերին,
ինչու՞ արթնացրիր կոշտ հրմշտոցով...
Բերածդ ի՞նչ էր... Ցա՞վ.... 
Ինձ չես զարմացնի ոչ մի ցավով...
Ես տեսել եմ...
ինչպես են մեռնում հրեշտակները....

Դուխիկ Հայրապետյան-բանաստեղծություններ

ԳՈՐԻՍԱՊԱՏՈՒՄ
Դրախտ ի՛մ երկիր, հին ու նորավոճ,
Մաքրամաքուր ես , լոսաշող ու վառ,
Դու հողեղեն չես, մայր ես ոգեղեն,
Դու անգին գանձ ես ու տաք օրօրրան:
Հրաշք ի՛մ երկիր, ի՛մ Գորիս քաղաք,
Սուրբ մանանա ես երկնից ցած իջած,
Ցուցահանդես ես բաց երկնքի տակ,
Ծաղկանեքտարի իրական հրաշք;
Գեղեցկուհին ես Սյունա՛ց աշխարհի,
Քեզ ողջյունում են ամեն մի հովեկ,
Դարերիդ խորհուրդն է քո մեջ խտացել,
Պոետներիի երկիր՝ երգերդ անմար:
Դրախտի դուռն է ճռռալով բացվում,
Միրհավի երգն է օդում թեվածում,
Մարգարտաշար են ցողերդ ծեքին,
Դու կանաչամայր, անուշ օրորան:
Որդոց որդիքդ են քեզնով հիացել,
Քո մաքրամաքուր էջերդ թերթել,
Մանրապատում է, հոգիս երգահան ,
Ու քո ապրողին հազար երանի:

Դու մենաշնորհ ես ամեն սյունեցու,
Պոետիս սերն է քո մեջ թեվածում,
Դեռ չհեռացած կարոտում եմ քեզ,
Մոր նման քաղցր ես, ան՛ուշ ու անգի՛ն:
Հազար անգամներ երկինքն է,ամպել,
Հողմերն են ծեծել կուրծքդ մարմարե,
Ժայռեղեն ոգով շե՛ն ես մնացել,
Եվ կուռքն ես դարձել, ամեն մի հայի:

Ու դեռ, մենք կապրե՛նք քո գրկում հավեր՛ժ,
Մեր սո՛ւրբ օրորան, մենք շե՛ն ենք քեզնով,
Սյուներն ես դու մե՛ր, ամրոցն ես անգին,
Եվ Գորիսապատո՛ւմ է ժայռերի՛դ ոգի՛ն:

*************************************************
ԻՄ ԽԻՂՃԸ
Բարեգութ իմ խիղճ,
Իմ հոգուն արժան,
Բումերանգի նման;
Ինձաից անբաժան;
Խիղճ իմ բարեպաշտ,
Սիրուս հուսալի հենակ,
Դու իմ վաղ իքնագիր,
Իմ երկրորդ նմանակ;
Արյան զարկերակն ես,
Հուզառատ սրտիս,
Դեղ ու բալասանն,
Մորմոքվող ցավիս;
Խարիսխ եմ գցել՝
Մեր երկուսիս համար,
Այնտեղ ուր մարդն է,
Հոգսերով վարա՛ր;
Արթա՛ր էնք մենք միշտ,
Ես ու դու՝ իմ խի՛ղճ,
Համերաշխ կապրենք,
Այնտեղ մենք՝ ընդմիշտ:

****************************************************
ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ
Սա հեքիաթ է մի՝ մշտնջնեակ՛ան,
Բոսոր երկնքում,նոր աստղացո՛լք էր
Աստղաշողնշող ճե՛փ երամներ՛ը,
Ամպերի բամբակե դաջվա՛ծք էր;
Երկնակամարում՝ լուսե ճախրա՛նքն էր,
Իսկ իմ լուսաստղը՝ Գիսանե հնգաթև
Նա հարթագողի ճամփին, մոլորվել,
Հույսի, լույսի մի վառ կանթեղ է՛ր;
Վերջալույսի շողից առաջ, շողակաթ էր,
Բումերանգի նման իմ հովի շոյա՛նքն էր
Նոր գարունաշող ազգիս հաղթության ուղին,
Երազանքներիս համա՛կ ճախրանքն է;
Արարո՛ղ հայ ազգս, նորից բռունցքվե՛լ,
Առաջնորդվելով հայորդի Նիկոլի կոչի՛ն.
Եղավ այն, որ հարյուր տարի ոչ մեկը չարեց,
Փափա՛գն էր ավա՛ղ ամեն մի հայի անվերջ;
Ու թող շարունակեն գործը, սերունդները մեր,
Երկար սպասված, երազանքների զարդոնք էր,
Վերածննունդ ապրեց, ազգովին էլի մայիսի՛ն,
Լուսայգը ժամանեց ազգիս՝ համառ հաղթության ; 

воскресенье, 3 июня 2018 г.

Սննդի պետական ծառայությունը ոչ մի լուրջ քայլեր չի ձեռնարկում

Երկու տարի առաջ իմ գրած քննադատական հոդվածից օրեր անց Սննդամթերքի Անվտանգության Պետական ծառայության պետը հեռախոսազանգ ունեցավ ինձ հետ,խոսեցինք սննդի անորակության,շուկայում տիրող ոչ սանիտարահիգիենիկ պայմանների մասին:Ծառայության պետը խոստացավ,որ որակը կբարելավի,բոլոր թերությունները կվերացվեն,սակայն տված խոստումները, այնուամենայնիվ,դեռևս բախտի քմահաճուքին են:Այն,որ ասում են,թե սննդի պետական ծառայությունը ոչ մի լուրջ քայլեր չի ձեռնարկում,դա փաստ է:Այսօր մի շարք խանութներում ժամկետանց ապրանքներ են վաճառում:2018թ. մայիսի 17-ին խանութում պաղպաղակ էր վաճառվում 2012թ. ապրիլ ամսվա ժամկետով:

Կարեն Շիրինյան

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և
հարգելի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին
Կոմպոզիտորների միության անդամ,կոմպոզիտոր՝
Անդրանիկ Ներսիսյանից
..................ԴԻՄՈւՄ.........................
Իմ քաղաքացիական և մասնագիտական պարտքն եմ համարում տեղյակ պահել ձեզ հայ մշակույթի,մասնավորապես հայ երաժշտական մշակույթի անմխիթար վիճակի մասին,ինչի պատճառով էլ մեր հասարակությունը գտնվում է մասնատված,երկփեղկված վիճակում:
Չեմ ուզում այստեղ երկար,բարակ վերլուծություններ անել,բայց ընդամենը մի փաստ արձանագրեմ,որն էլ կվկայի իմ մտավախությունների իրավացիության մասին:
Եթե մեզնից յուրաքանչյուր մեկը դուրս գա փողոց և սոց.հարցում անցկացնի պատահական մարդկանցից ընտրված 100 հոգու հետ,թե ո՞րն է մեր ազգային երաժշտությունը,որն է օտարը կամ ապազգայինը,որն է լավը,որը՝վատը,կամ որն է բարձրակարգը և որն է ցածրակարգը,ապա վստահ եմ,որ կլսի գրեթե 100 տարբեր պատասխաններ:
Սա նորմալ երևույթ չէ:Սա աննորմալ է,անհավանական է,բայց փաստ է:
Սա ահազանգ է,որ ինչ որ բան շատ երկար ժամանակ սխալ է ընթացել,կամ միգուցե միտումնավոր սխալ ուղիով են ուղղորդել մեր ազգային մշակույթը:
Ինչևե,այս վիճակից դուրս գալու համար առաջարկում եմ ներգրավել այս գործին հեռուստաընկերություններին,քանի որ ամենամասսայական ու մատչելի լրատվամիջոցն են իրենք:
Պետք է բացել հեռուստաընկերությունների դռները բոլոր նրանց համար,ովքեր մի ինչ որ արդյունք են ցույց տվել,մի ինչ որ արժեք են ներկայացրել մեր իրականության մեջ:
Ընդ որում կարծում եմ,որ մասնակցություն պետք է ունենան թե պրոֆեսիոնալները,թե ոչ պրոֆեսիոնալները կամ կիսապրոֆեսիոնալները (ըստ կրթության կամ ըստ արված գործի):
Դրանով հանդերձ պետք է ստեղծել հավասար և արդար մրցակցային պայմաններ ու մրցակցային դաշտ,հատկապես նրանց համար,ովքեր վերջին 30 տարում ստեղծելով,արարելով հանդերձ,չգիտես ինչու մնացել են <կուլիսներում>,աննկատ,անտեսված ու նախկին իշխանությունների կողմից չգնահատված :
Հեռուստատեսությունը հզոր զենք է և վստահ եմ,որ եթե արվի այս ամենը,ապա մի կարճ ժամանակից հետո հասարակությունը կմաղի անորակն ու ապազգայինը և տակը կմնա մեր երազած բարձրակարգն ու իրական,իսկական ազգայինը:
Հ.Գ. Ստորև,մեկնաբանությունների մեջ կտեղադրեմ երկու փոքր գործ,որ ձեզ համար ավելի պարզ լինի,թե ինչ տեսակի և որակի երաժիշտ եմ ես:
Վստահ եմ,որ չեք լսել նույնիսկ իմ անունը,ինչպես շատ շատերը,այն դեպքում,երբ արդեն 30 տարուց ավել է,ինչ սիստեմատիկ կատարվող ու հասարակության կողմից ընդունվող կոմպոզիտոր եմ:

Բանաստեղծություններ

Պատիվը՝ արել են անպատիվ
Ամոթից շիկնել են օրերը,
Մեզանից երես են թեքել
Մեր անեղծ ու շիտակ օրերը։
Տե՜ր, էս ի՞նչ օրի ենք հասել,
Ո՞վ փոխեց օրերի մեր վարքը...
Մեր հոգու սերմերը տրորել,
Պղծել են օրերի մեր կարգը։
Չապրելու նման ենք ապրում,
Ջրել են օրերի մեր համը,
Եվ տեսնես ո՞վ է փակելու
Չապրված օրերի մեր պարտքը։
Մեր օրերն էլ չեն հանդուրժում,
Անպատիվ ապրելու էս կարգը,
Ոտքի են ելել, որ փրկեն
Ամոթից շիկնած մեր վարքը։
******************************************

Խ Ա Ն Դ Ը
Ոստիկանի պես հետևում էր ինձ
Խանդը, ու սրտիս հանգիստ չէր տալիս,
Փաստեր էր ուզում քայլ առաջ կորզել
Քեզնի՛ց, երբ տունը ուշ էիր գալիս։
Նստում էր սրտիս դռան անկյունում
Խանդը, ա՜խ նաև ծեծված շան նման,
Ու կաղկանձում էր... Գերագույն հարցին
Զի չկար, չուներ ոչ մի պատասխան։
Ա՜խ տեսնել էր պետք ոնց էր կաղկանձում,
Ասես ոսկոռը՝ նետել են գլխին...
Ու հաճախ նաև պատերն էր ճանկռում,
Էլ չէր դիմանում սրտմաշուկ ցավին։
Դու մեղք չունեիր, խանդս էր մեղավոր,
Կասկածամիտ էր ոստիկանի պես,
Դու լոկ իմ հոգու հետ էիր խաղում,
Որ սիրուս չափը ճշտեիր առ քեզ։
Ա՜խ ոստիկան էր խանդն հետս խաղում,
Ու կրկին սրտիս հանգիստ չէր տալիս...
Չեղած տեղից էլ փաստեր էր փնտրում,
Քեզնից՝ երբ տունը ուշ էիր գալիս։
***********************************************
ՄԵՐ ՍՐՏԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Նիկոլ Փաշինյանին սիրով և հավատով
Ով ինչ ուզեց ասեց,ով ոնց կարաց՝ ասեց,
Ժամանակի վրա մատ թափ տալով,
Ով ում վրա ասես դրեց մեղքեր բարդեց,
Առանց խիղճ ու հոգուն հաշիվ տալով։
Մեկը՝ մեկին սադրեց անխիղճ ու անհոգի,
Մեկը՝ ձեռք չմեկնեց անմեղ մեղավորին,
Մեկը՝ ցնծաց, խնդաց մեկի ցավի վրա,
Խռովելով Հիսուս որդու հոգին։
Մեկը՝ ա՜խ դավեց ու ծախեց հուդայաբար,
Մեկը՝ հիմնահատակ ավերեց ու գռփեց...
Ու երբ հոգևարքի հասցրին Ազգն ու Երկիրն
Մեկը՝ ընդդիմացավ, էլ չլռեց։
Եվ մեր ցավը առած ի՛ր խաչակիր ուսին,
Ելավ ու քայլ արեց հուսահավատ,
Արիացե՛ք,- գոչեց՝ ելե՛ք տղերք, ելք կա
Վիճակից ա՛յս դիվոտ, անաստված ու կավատ։
Եվ քայլեց ի՛ր գծած խղճի ճանապարհով,
Հոգում զարդարած իր երազանքի ծառը,
Եվ երբ տեսավ Աստվա'ծ, հավանեց ու օրհնեց
Նրա գծած խղճի ճանապարհը։
Ասեց,- Ես քեզ թիկունք ու զորավիգ որդիս,
Խաչս՝ թուր դարձրու Ոգուդ ճանապարհին,
Օրհնանքս առ իբրև քեզ հաղթաթուղթ ու զենք,
Հաղթիր ու տեր կանգնիր Հայկյան Երկրիդ։
Եվ նա մեր ցավն առած իր խաչակիր ուսին,
Ելավ ու քայլ արեց հուսահավատ,
Ելավ ու հաղթության իր կրակը վառեց,
Մեր հոգևարք ապրող օրերի մեջ գունատ։
Հեղինակ՝ Աիդա Տոնոյան

ՀՀ առաջին նախագահն է խոսել կրկին

ՀՀ առաջին նախագահն է խոսել կրկին: Ես իրեն աշխատում եմ չանդրադառնալ, բայց այս անգամ չեմ կարող: ԼՏՊ-ն այն քաղաքական գործիչը չէ, որ հենց այնպես բառեր ասի և իր կողմից օգտագործվող ԼՂՀ և Լեռնային Ղարաբաղ ձևակերպումներն ինձ համար ոչ միայն անընդունելի են, այլ նաև վտանգովոր մեսիջներ պարունակող: Այն չի հնչում լրատվականի կողմից , այլ ՀՀ առաջին նախագահի կողմից, ով նաև համարվում է լուրջ դիվանագետ: Հուսամ ԼՏՊ-ի երկրպագուները իրենց պապիկին կասեն, որ այլևս Արցախի մասին խոսելիս օգտագործի Արցախի հանրապետություն տերմինը:

Կարեն Հովհաննիսյան

Արցախում տեղի ունեցած վերջին հասարակական զարգացումները փաստում են...

Արցախում տեղի ունեցած վերջին հասարակական զարգացումները փաստում են, որ հասարակության մի մասը դժգոհ է պետական ներքին քաղաքականությունից, և Ստեփանակերտում տեղի ունեցած վերջին դեպքերն ընդամենը շարժառիթ հանդիսացան, որպեսզի արցախցին իր բողոքի ձայնը բարձրացնի: Նշեմ, որ ստեղծված իրավիճակում անթույլատրելի է Հայաստանյան սցենարով շարժվել և հեղափոխության կոչեր հնչեցնել, բայց անհրաժեշտություն են կադրային բարեփոխումները և ոչ միայն ուժային կառույցներում: Անհրաժեշտություն է պետական ներքին քաղաքականությունում ծրագրային առաջնահերթությունների վերանայումը: Հասարակական բարեփոխումների ճանապարհին այսօրվա առաջին հրամայականներից մեկը արտագաղթի և արտագնա աշխատանքի կասեցումը պետք է լինի, առկա բնակչության համար կյանքի նորմալ պայմանների ստեղծումը, երիտասարդությանը այնպիսի աշխատանքով և համապատասխան աշխատավարձով ապահովելը, որ երիտասարդներն իրենք կարողանան հիպոթեկային վարկի միջոցով կամ այլ ճանապարհներով սեփական բնակարան ձեռք բերել կամ կառուցել: Արցախի ժողովրդագրական խնդիրներից ամենացավոտն այն է, որ երիտասարդության մի ճնշող հատվածը հիմնական աշխատանք չունենալու, կամ էլ ելնելով բնակարանային վատ պայմաններից, կամ ընդհանրապես բնակարան չունենալու պատճառով չեն ամուսնանում: Այս պայմաններում վերաբնակեցման ծրագիրը պետք է մղվի երկրորդ պլան և միայն տեղի բնակչության խնդիրները լուծելուց հետո պետք է շարունակել վերոհիշյալ ծրագիրը:
Առկա խնդիրների մեջ պակաս կարևոր չէ որոշ մեծ ու փոքր պաշտոնյանների հասարակության մեջ իրենց որպես այդ հասարակության անդամ պահելու և այդ հասարակության կողմից տվյալ պաշտոնը ստանձնելու պատասխանատվության կրումը գիտակցելու ունակությունը: Ասածներիս վառ ապացույցը վերջերս Հադրութում կայացած Ղարաբաղ Տելեկոմի սակագների դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ որոշ պաշտոնյանների ոչ ադեկվատ պահվածքն էր, այդպիսի դեպքերը բազմաթիվ են, դրանք տեղի են ունենում ամեն օր և հավաքվելով, մի օր պոռթկում են:
Բոլոր պաշտոնյանները պետք է ընդունեն Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների ազատ խոսքի իրավունքը, որովհետև ժողովրդավարական երկիր կառուցելու նախապայմաններից մեկը եղել և մնում է ազատ խոսքը: Միայն ճշմարտությունն աղաղակելով կարելի է հասնել սխալի բացահայտմանը և այն ուղղելուն:
Հավատում եմ, որ Արցախի իշխանություններն ունեն երկիրը բարեփոխելու ներուժ, որի համար անհրաժեշտություն են.
1. կադրային ճիշտ քաղաքականությունը,
2. աշխատատեղերի և բարձր աշխատավարձերի ապահովումը,
3. երիտասարդության և սոցիալական այլ խավերի համար բնակարան գնելու կամ կառուցելու համար համապատասխան պայմանների ստեղծումը:


Վիտալի Պետրոսյան