воскресенье, 3 июня 2018 г.

Արցախում տեղի ունեցած վերջին հասարակական զարգացումները փաստում են...

Արցախում տեղի ունեցած վերջին հասարակական զարգացումները փաստում են, որ հասարակության մի մասը դժգոհ է պետական ներքին քաղաքականությունից, և Ստեփանակերտում տեղի ունեցած վերջին դեպքերն ընդամենը շարժառիթ հանդիսացան, որպեսզի արցախցին իր բողոքի ձայնը բարձրացնի: Նշեմ, որ ստեղծված իրավիճակում անթույլատրելի է Հայաստանյան սցենարով շարժվել և հեղափոխության կոչեր հնչեցնել, բայց անհրաժեշտություն են կադրային բարեփոխումները և ոչ միայն ուժային կառույցներում: Անհրաժեշտություն է պետական ներքին քաղաքականությունում ծրագրային առաջնահերթությունների վերանայումը: Հասարակական բարեփոխումների ճանապարհին այսօրվա առաջին հրամայականներից մեկը արտագաղթի և արտագնա աշխատանքի կասեցումը պետք է լինի, առկա բնակչության համար կյանքի նորմալ պայմանների ստեղծումը, երիտասարդությանը այնպիսի աշխատանքով և համապատասխան աշխատավարձով ապահովելը, որ երիտասարդներն իրենք կարողանան հիպոթեկային վարկի միջոցով կամ այլ ճանապարհներով սեփական բնակարան ձեռք բերել կամ կառուցել: Արցախի ժողովրդագրական խնդիրներից ամենացավոտն այն է, որ երիտասարդության մի ճնշող հատվածը հիմնական աշխատանք չունենալու, կամ էլ ելնելով բնակարանային վատ պայմաններից, կամ ընդհանրապես բնակարան չունենալու պատճառով չեն ամուսնանում: Այս պայմաններում վերաբնակեցման ծրագիրը պետք է մղվի երկրորդ պլան և միայն տեղի բնակչության խնդիրները լուծելուց հետո պետք է շարունակել վերոհիշյալ ծրագիրը:
Առկա խնդիրների մեջ պակաս կարևոր չէ որոշ մեծ ու փոքր պաշտոնյանների հասարակության մեջ իրենց որպես այդ հասարակության անդամ պահելու և այդ հասարակության կողմից տվյալ պաշտոնը ստանձնելու պատասխանատվության կրումը գիտակցելու ունակությունը: Ասածներիս վառ ապացույցը վերջերս Հադրութում կայացած Ղարաբաղ Տելեկոմի սակագների դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ որոշ պաշտոնյանների ոչ ադեկվատ պահվածքն էր, այդպիսի դեպքերը բազմաթիվ են, դրանք տեղի են ունենում ամեն օր և հավաքվելով, մի օր պոռթկում են:
Բոլոր պաշտոնյանները պետք է ընդունեն Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների ազատ խոսքի իրավունքը, որովհետև ժողովրդավարական երկիր կառուցելու նախապայմաններից մեկը եղել և մնում է ազատ խոսքը: Միայն ճշմարտությունն աղաղակելով կարելի է հասնել սխալի բացահայտմանը և այն ուղղելուն:
Հավատում եմ, որ Արցախի իշխանություններն ունեն երկիրը բարեփոխելու ներուժ, որի համար անհրաժեշտություն են.
1. կադրային ճիշտ քաղաքականությունը,
2. աշխատատեղերի և բարձր աշխատավարձերի ապահովումը,
3. երիտասարդության և սոցիալական այլ խավերի համար բնակարան գնելու կամ կառուցելու համար համապատասխան պայմանների ստեղծումը:


Վիտալի Պետրոսյան




Комментариев нет:

Отправить комментарий