воскресенье, 3 июня 2018 г.

Բանաստեղծություններ

Պատիվը՝ արել են անպատիվ
Ամոթից շիկնել են օրերը,
Մեզանից երես են թեքել
Մեր անեղծ ու շիտակ օրերը։
Տե՜ր, էս ի՞նչ օրի ենք հասել,
Ո՞վ փոխեց օրերի մեր վարքը...
Մեր հոգու սերմերը տրորել,
Պղծել են օրերի մեր կարգը։
Չապրելու նման ենք ապրում,
Ջրել են օրերի մեր համը,
Եվ տեսնես ո՞վ է փակելու
Չապրված օրերի մեր պարտքը։
Մեր օրերն էլ չեն հանդուրժում,
Անպատիվ ապրելու էս կարգը,
Ոտքի են ելել, որ փրկեն
Ամոթից շիկնած մեր վարքը։
******************************************

Խ Ա Ն Դ Ը
Ոստիկանի պես հետևում էր ինձ
Խանդը, ու սրտիս հանգիստ չէր տալիս,
Փաստեր էր ուզում քայլ առաջ կորզել
Քեզնի՛ց, երբ տունը ուշ էիր գալիս։
Նստում էր սրտիս դռան անկյունում
Խանդը, ա՜խ նաև ծեծված շան նման,
Ու կաղկանձում էր... Գերագույն հարցին
Զի չկար, չուներ ոչ մի պատասխան։
Ա՜խ տեսնել էր պետք ոնց էր կաղկանձում,
Ասես ոսկոռը՝ նետել են գլխին...
Ու հաճախ նաև պատերն էր ճանկռում,
Էլ չէր դիմանում սրտմաշուկ ցավին։
Դու մեղք չունեիր, խանդս էր մեղավոր,
Կասկածամիտ էր ոստիկանի պես,
Դու լոկ իմ հոգու հետ էիր խաղում,
Որ սիրուս չափը ճշտեիր առ քեզ։
Ա՜խ ոստիկան էր խանդն հետս խաղում,
Ու կրկին սրտիս հանգիստ չէր տալիս...
Չեղած տեղից էլ փաստեր էր փնտրում,
Քեզնից՝ երբ տունը ուշ էիր գալիս։
***********************************************
ՄԵՐ ՍՐՏԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Նիկոլ Փաշինյանին սիրով և հավատով
Ով ինչ ուզեց ասեց,ով ոնց կարաց՝ ասեց,
Ժամանակի վրա մատ թափ տալով,
Ով ում վրա ասես դրեց մեղքեր բարդեց,
Առանց խիղճ ու հոգուն հաշիվ տալով։
Մեկը՝ մեկին սադրեց անխիղճ ու անհոգի,
Մեկը՝ ձեռք չմեկնեց անմեղ մեղավորին,
Մեկը՝ ցնծաց, խնդաց մեկի ցավի վրա,
Խռովելով Հիսուս որդու հոգին։
Մեկը՝ ա՜խ դավեց ու ծախեց հուդայաբար,
Մեկը՝ հիմնահատակ ավերեց ու գռփեց...
Ու երբ հոգևարքի հասցրին Ազգն ու Երկիրն
Մեկը՝ ընդդիմացավ, էլ չլռեց։
Եվ մեր ցավը առած ի՛ր խաչակիր ուսին,
Ելավ ու քայլ արեց հուսահավատ,
Արիացե՛ք,- գոչեց՝ ելե՛ք տղերք, ելք կա
Վիճակից ա՛յս դիվոտ, անաստված ու կավատ։
Եվ քայլեց ի՛ր գծած խղճի ճանապարհով,
Հոգում զարդարած իր երազանքի ծառը,
Եվ երբ տեսավ Աստվա'ծ, հավանեց ու օրհնեց
Նրա գծած խղճի ճանապարհը։
Ասեց,- Ես քեզ թիկունք ու զորավիգ որդիս,
Խաչս՝ թուր դարձրու Ոգուդ ճանապարհին,
Օրհնանքս առ իբրև քեզ հաղթաթուղթ ու զենք,
Հաղթիր ու տեր կանգնիր Հայկյան Երկրիդ։
Եվ նա մեր ցավն առած իր խաչակիր ուսին,
Ելավ ու քայլ արեց հուսահավատ,
Ելավ ու հաղթության իր կրակը վառեց,
Մեր հոգևարք ապրող օրերի մեջ գունատ։
Հեղինակ՝ Աիդա Տոնոյան

Комментариев нет:

Отправить комментарий