воскресенье, 10 июня 2018 г.

Անահիտ Տիգրանյան-բանաստեղծություններ

Իմ երազի հետ քնեի՜ ու մնայի՜,
Չիմանայի՝ երազ էր մի սնամեջ.
Ծիածանվել էր երկինքը հոգուս.
Սար էր, դրախտ էր իմ երազի մեջ:
Հանդում սիզախոտը ծնկից վեր էր,
Սարվորի երգ էր իմ երազի մեջ,
Ես շնչակտուր վազ կուտայի լանջով,
Թե հոգնեի, քարին շունչ կառնեի մեջ- մեջ:
Ի՜նչ հոգ, թե փուշը ոտքս կծակեր,
Որ քարին կառներ, արյուն կկաթեր,
Վերելքը ինչքա՜ն էլ քար ու քռա,
Աչքիս մեր սարի ճամփան շատ հարթ էր:
Երազ էր. դեմս մերթ կմշուշվեր,
Ու մերթ կտեսնեի տափը ափիս մեջ,
Հեռվից սարվորի երգն ինձ կկանչեր.
Հայրս քաղվոր էր էն սարվորի մեջ:
Ու վազ կուտայի ես շնչակտուր.
Արևի խուտուտն էր հենց ծոցիս մեջ,
Զարմանք էր. ա՜խր, անգամ նոր քաղած՝
Խոտի բույր կառնեի իմ երազի մեջ:
Ա՜խ, երազիս հետ քնեի ու մնայի,
Հորս տեսնեի էն սարվորի մեջ…
Արթնացա... այտիս վրա արցունք կար.
Ես լաց էի եղել իմ երազի մեջ:

*******************************************************
Սատանեքն էին իմ աչքերը լիզել.
Գիշերը ճզմեց գնացքի տակ ինձ,
Շունը չէր հաչում. ցավի ոռնոց էր.
Էն անՏեր շանը հիշեցի նորից:
Գիշերը մգլեց անձրևի տակ,
Հոգիս բերանս բերեց գիշերը,
Էն շան ոռնոցից մի քիչ փոխ առա.
Սիրտս ծակում էին խղճիս փշերը:

*******************************************************
Հոգիս դեռ ինչքա՜ն պիտի թափառի
Որոնումների խաչմերուկներում,
Ուր դու չես եղել,
Բայց ես...ա՜խր չգիտես.
Մի՜շտ ու մի՜շտ 
Ինձ հետ ունեցել եմ քեզ,
Ու դեռ ինչքա՜ն եմ
Կիսվելու տամուկ աշնան կաթոցին՝
Խուռներամ վալսող տերևների հետ,
Բացահայտելու՝
Քո մրմունջների Նրբին շերտերը
նրանց շրշյունում,
Նոտագրելու՝
Ջութակի հեծող լարերի վրա,
Խոստովանանքդ՝ հանց չմարող տենդ…
Այս սուտ կյանքի մեջ,
/ հեգնանք է իրոք /
Երբ վերջալույսի ցոլքերն են արդեն
Ծաղրում ակնդետ,
Մնաց տաք հևքը քո տաք բառերի,
Մի անպարագիծ ոգեղեն տիրույթ,
Ուր դեգերում է՝ քո հոգուն ներդաշն,
Աշնան քամին խենթ… 


Комментариев нет:

Отправить комментарий