четверг, 21 июня 2018 г.

Տեսակետ

Սկսած 2016թ. ապրիլի 2-ից իմ կարծիքները ես արտահայտում էի անկախ քաղաքական իրավիճակներից: Արցախի հերոս կոչեցյալ Մ. Գրիգորյանի վերաբերյալ ես ասելիք չունեի, որովհետև Մանվելի մասին <<ավանդազրույցները>> Արցախում շրջում էին իմ մանկությունից, իսկ իմ պատանեկության ու երիտասարդության օրերին այդ ավանդազրույցները ամրապնդվում էին ներկայով, և այդ ներկայում Մանվելը ամենամյա արշավներ էր իրագործում կոնկրետ Հադրութի շրջան և ըստ իր <<ավանդավեպի>> գնացք էր քշում: Ստիպում էր արցախյան պատերազմի վետերաններին և տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդկանց /այսօր անուններ չեմ հնչեցնի/, իր ամենամյա Արցախ ացելության ժամանակ <<գնացք>> քշել, փաստորեն մյուսները իր քշած գնացքի վագոններն էին: Համառոտ` իր լեքսիկոնով, պոեզդ էր քշում: Եթե անդրադառնանք այդ <<մարդու>> այսօրվա կատարածին և հայացք ձգենք նրա անցյալին, ապա նրա մասին այսօրվա բացահայտումները նրա կողմից կատարված հանցագործությունների ամենաչնչին գործառույթն են: Հետազոտեք նաև այդ մարդու անցյալը, հարգելի ՀՀ իշխանություններ: Լինելով արցախահայ, խորին ակնկալիքներ ունեմ, որ Հայաստանում տիրող ինքնամաքրման գործընթացը հասնելու է նաև մեզ: Ընդունելով ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, որպես իր նախընտրական խոստումները մեծամասամբ կատարած քաղաքական գործչի, չեմ ընդունել և չեմ ընդունում այն թիմը, որի հետ նա փորձել ու փորձում է աշխատել: Այդ թիմի որոշ անդամների / նաև նշեմ ուղղակի հոսքի տակ/ փոխարինվել են այլ պաշտոնյաններով, որոնց մի մասը այս կամ այն կերպ հարում է պաշտոնաթող պաշտոնյաններին, ուղղակիորեն կամ անուղղակիորեն շարունակելով նրանց ժառանգությունը: Այդ համատեքստում փոփոխությունները ուղղակի ձևականություն էին: Հայաստանում կատարվող գործառույթներն ու բարեփոխումները պետք է ոչ աղմկահարույց, բայց շարունակական ընթացք ունենան Արցախում, որովհետև եթե ոչ մանվելներ, ապա մանվելիկներ մենք ունենք: Արցախում ժողովրդավարությունը և նրա բարձր մակարդակը մեզ շրջապատող քաղաքական դաշտում միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք հասնել ինքաճանաչված և համաշխարհային ճանաչման ձգտող մեր չճանաչված պետականության ճանաչմանը:
Տագնապներ ունեմ / և ոչ միայն ես/ , որ հանկարծ Հայաստանում կատարվող ինքնամաքրման գործընթացը կիսատ կմնա, և չշարունակվի Արցախում: Բայց ոգևորված եմ, և ոգևորված եմ այնքանով, որ Արցախում ապրող հասարակությունը այսօր սկսել է դիտարկել, որ այս երկրի տերը ոչ թե անհատներն են, այլ այս երկրի տերը եղել և մնում է ժողովուրդը: Քաղաքական ինքնագիտակցությունը ինձ հուշում է, որ Արցախում չկա այնպիսի քաղաքական ուժ, որին ես միանայի և արտահայտեի իմ կարծիքը: Բնականաբար, կարծում եմ, որ Արցախում պետք է ստեղծվի և ձևավորվի / առանց ներկայիս քաղաքական իշխանությունների ազդեցության/ , նոր քաղաքական երիտասարդական ուժ, որը պետք է ձևավորի մեր երկրի ապագան:
Վիտալի Պետրոսյան

Комментариев нет:

Отправить комментарий