вторник, 12 июня 2018 г.

ԼՈՒՍԱՎՈՐ ՋՈՒՍԻ ՍՊԻՏԱԿ ԱՆԿՅՈՒՆԸ…



Այսօր իմ զրուցակիցն է երգչուհի,գեղեցկուհի և,վերջապես,տաղանադավոր հայուհի Ջուս Համբարյանը:
Նախքան հարցազրույցը՝ մի քանի խոսք երգչուհու կյանքի մասին:Եվ այսպես: Երգչուհին ծնվել  է  1979թ. հուլիսի 9-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը: 7 տարեկան հասակից հաճախել է Հ.Դանիելյանիանվան թիվ 9 երաժշտական դպրոց և երգել է <<Առվակ>> վոկալ-ինստրումենտալ անսամբլում: 1994-97թթ. սովորել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնում և երգել է  <<Հայեր>> համույթում: 1997թ. մեկնել է Մոսկվա, որտեղ աշխատել է ռուսական էստրադայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Վալերիա, Ստաս Պիեխա, Դմիտրի Կալդուն, Իրինա Ալեգրովա և այլք: Վերջինիս հետ երկարաժամկետ է աշխատել և համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. վերադարձել է Երևան: 2009-10թթ աշխատել է «Դար 21 հեռուստաընկերությունում, որտեղ վարել է <<Բնական ջուս>> հաղորդումը և ձեռք բերել հայկական շոուբիզնեսի ամենասկանդալային երգչուհի համբավը: 2009թ. լույս է տեսել նրա <<Պարիր ինձ հետ>> տեսահոլովակը, որը Հայաստանում առաջինն էր էլեկտրո հաուզ ոճում : 2010թ. թողարկել է առաջին <<KIX>> ձայնասկավառակը: 2011թ. Ռադիո Վան ռադիոկայանի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է  <<Տարվա լավագույն երգչուհի>>  մրցանակին: 2011թ. ելույթ է ունեցել Լոնդոնի Ռոյալ ֆեսթիվալ դահլիճում`  Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես նաև <<You are my kix>> երգը հնչել է Լոնդոնի BBC ռադիոկայանով: 2012-13թթ.  Հայկական Երկրորդ հեռուստաալիքով վարել է <<Թթու թան չէ...>> հաղորդումը: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2013թ. արժանացել է  Դար 21 հեռուստաընկերության երաժշտական մրցանակաբաշխության <<Տարվա լավագույն արտիստ>>  մրցանակին (հանրային քվեարկությամբ): 2014թ. ձայնագրել է Ի.Վագանովի <<Love song>> երգը և նկարահանել տեսահոլովակ: 2015թ. թողարկել է <<You are the one>> սինգլը և նկարահանել տեսահոլովակ:
Եվ այսպես…

-Ո՞վ է Ջուսը:

-Միանշանակ  այս հարցին կորկրետ պատասխան չկա:Ջուսը  և՛ երեխա է,և՛ կին,խենթ արտիստ,դրական,ուրախ ընկեր,ուժեղ մարդ,ով ունակ է թաքցնել սեփական վախերը,և,վերջապես մարդ,ում մեջ թաքնված են հիսուն տարբեր կանայք:

-Ինչպիսի՞ դժվարությունների միջով է անցել տաղանդաշատ Ջուսը հայտնի դառնալու ճանապարհին:

-Դժվարություններ կային ու կան մինչև հիմա: Յուրաքանչյուր արտիսիտ  իր ամբողջ կյանքում  անցնում է տարատեսակ դժվարությունների միջով:Թույլ մարդկանց այս մասնագիտությունը <<դուրս է շպրտում>>:Եթե սկսեմ պատմել ինձ հանդիպած և հանդիպող դժվարությունների մասին,դա կտևի մի քանի օր:Կարևորն այն է,որ հաղթահարում եմ յուրաքանչյուր խնդիր,վստահ լինելով,որ,միևնույն է,ամեն բան գնալու է դեպի լավը:

-Ինչպե՞ս է կենսասեր Ջուսը վերաբերվում քննադատություններին և ովքե՞ր են հիմնականում քննադատում  Ձեզ:

-Առողջ քննադատությանը վերաբերվում եմ նորմալ այն դեպքում,երբ գիտակցում եմ,որ դա իսկապես տեղին է,թեև ես ունեմ իմ տեսակետը, որին վստահում եմ,որովհետև ինքս ինձ քննադատում եմ շատ խստորեն:Ինչ վերաբերում է ինձ քննադատողներին,ապա կարող եմ ասել,որ նրանք տարբեր են: Կարծում եմ՝ եթե արտիստը հայտնի է և հետաքրքրիր, ապա նրա մասին կխոսեն թե՛ լավը և թե՛ վատը և դա հիանալի է:Արտիստը պետք է վախենա այն դեպքում,երբ իր մասին չեն խոսում:Այդ դեպքում նա պետք է շատ ջանք ու եռանդ գործադրի,որպեսզի մարդիկ սկսեն խոսել իր մասին և քննադատել իրեն:

-Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը:

-Դրական լինելն է,վստահությունը և հավատը,որ ամեն ինչ ճիշտ ավարտ կունենա:

-Կարո՞ղ եք թվարկել նվաճումներ,որոնցով ամենաշատն եք հպարտանում:

-Շատ կան,բայց ամենավառ իրադարձությունները հետևյալն են.
2011թ դարձա տարվա լավագույն երգչուհի՝ - Lady number 1:Հաջորդը Ռադիո Վան մրցանակաբաշխությունն էր, որտեղ իմ << You Are My Kix>> երգը ճանաչվեց լավագույն արտասահմանյան երգ Լոնդոնի BBC ռադիոյում:
2011թ իմ << You Are My Kix>>  երգի հեղինակ Կարեն Գրիգորյանին և ինձ հրավիրեցին երգելու  Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին:
Լոնդոնի Royal Festival Hall-ում  մենք ունեցանք մեծ լուրջ համերգ, որտեղ ելույթ են ունեցել այնպիսի համաշխարհային արտիստներ, ինչպիսիք են Սթրինգը,Ֆռանկ Սինաթրանը,Պավարոտտին և այլք:
2004թ. իմ << LOVER>> երգը հոլանդական << radio talend>> մրցույթում զբաղեցրեց թոփ 40,26 հորիզոնականը,որից հետո նկարահանվեց տեսահոլովակ,որը ցուցադրվեց յոթ եվրոպական հեռուստաալիքներով:
2013թ. ժողովրդի քվեարկությամբ արժանացա <<Տարվա լավագույն արտիստ>> կոչմանը՝ Դար 21 մրցանակաբաշխության ժամանակ:
Բացի այդ,երգել եմ նաև ռուս հայտնի աստղ Իրինա Ալեգրովայի մոտ,ում հետ համերգներով շրջագայել ենք աշխարհի տարբեր մասերում:
Շատ եմ հպարտանում Վ.Վ.Պուտինի կողմից Կրեմլից ստացած պատվոգրով,որին արժանացել եմ լավագույնս ելույթ ունենալու համար:

-Ջու՛ս,ունեք որևէ հոբբի:

-Նախկինում շատ էի սիրում հավաքել տարբեր երկրների կոպեկներ,բայց ներկայումս  այնքան զբաղված եմ,որ չեմ հասցնում որևէ բան հավաքել կամ ինչ-որ այլ բանով զբաղվել:Միգուցե այս հարցին անդրադառնանք,երբ ես դառնամ 60 տարեկան:Այդ ժամանակ ես կունենամ ոչ թե հոբբի,այլ՝ հոբբիներ:

-Ի՞նչ եք կարծում,է՛լ ո՞ր ոլորտում կարող եք լինել հաջողակ:

-Կարծում եմ՝ ես լավ պարուհի,դերասանուհի և աքսեսուարների դիզայներ կարող էի լինել:

-Ձեր խոսքը Ձեր մեծամասշտաբ լսարանին և բոլոր նրանց,ովքեր թերահավատորեն են վերաբերվում Ձեզ:

-Մի քանի բան այս թեմայի շուրջ:Կան մարդիկ,ովքեր ունեն այլ նախընտրություն կամ այլ ճաշակ:Դա չի քննարկվում:Բայց կան մարդիկ,ովքեր նախանձից կամ չկայացած լինելուց են թերագնահատում իրենցից հաջողակ մարդուն:Ես զգացի,որ ինձ սիրում են դրական և բարի մարդիկ,իսկ դա հիանալի փաստ է:Իսկ նրանք,ովքեր թերագնահատում են,նրանց վրա պետք չէ ուշադրություն դարձնել:Պետք է առաջ գնալ և աշխատանքն անել բարձր մակարդակով, ցույց տալով որակյալ աշխատանք: Կարծում եմ՝ դա է ամենակարևոր բանը:

-Շնորհակալ եմ անկեղծ և բովանդակալից զրույցի համար:

Հ.Գ. Թույլ տվեք փաստել,որ ողջ հարցազրույցը անցավ դրական մթնոլորտում:Ջուսը դրական,պարզ և բարի անձնավորություն է,ումից միայն ու միայն հաճելի տպավորություններ կարող ես ստանալ:
Ջուսին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ իր ողջ կյանքի ընթացքում:

Հարցազրույցը վարեց Կարեն Շիրինյանը

Комментариев нет:

Отправить комментарий